ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Վրացական կինոն փառատոնաքաղց հայկական կինոն չի

Վրացական կինոն փառատոնաքաղց հայկական կինոն չի
09.08.2023 | 10:23

Սարաևոյի 29-րդ փառատոնը, որ դեռ 2004-ին FIAPF-ի կողմից ստացել է Բ դասակարգում, մտնելով համաշխարհային կինոփառատոների էլիտա, այս տարվա մրցույթում ներառել է վրացի ռեժիսոր Էլենե Նավերիանիի «blackbird blackbird blackberry» («սև կեռնեխ սև կեռնեխ մոշ») ֆիլմը։ Երեք ամիս առաջ ֆիլմի պերմիերան կայացել էր Կաննի «Ռեժիսորների երկշաբաթ» ծրագրում՝ արձանագրելով անհավանական նվաճում կովկասյան կինոյի համար։

Վրացական հեռավոր գյուղերից մեկում 48-ամյա հրուշակագործ Էթերոն ապրում է միայնակ կյանքով՝ աշխարհում ամեն ինչից վեր դասելով իր տորթերն ու ազատությունը։ Ավանդապաշտ գյուղում Էթերոյի կենսակերպը չի խրախուսվում, շուրջը հյուսվում են լեգենդներ, բայց Էթերոն թքած ունի պարապ զրույցների վրա, մինչ այն տղամարդու հայտնվելը, որը կասկածի ցեցը գցում է Էթերոյի սրտի, գլխի, մարմնի մեջ՝ գուցե կա բան, որ ազատությունից վե՞ր է, ասենք՝ սերը։

Կաննից հետո Սարաևոն առանձնապես մի շնորհավորելու առիթ չի։ Վրացական կինոն փառատոնաքաղց հայկական կինոն չի, որի ներկայացուցիչները Կաննը, Բեռլինը, Վենետիկը տուրիստական այցելությունների վայրեր են համարում, որոնք անհայտ փառատոների ծրագրում իրենց ֆիլմերի հայտնվելը դարձնում են ցնծության առարկա, իսկ աշխարհի լավագույն կինոփառատոն համարում են ոսկեծիրան միջոցառումը։

Սա վրացական կինոն է, որը վերջին վեց տարում երկու տասնյակ մրցանակներ է բերել ամենահեղինակավոր կինոփառատոներից։

Վրացական կինոյի այս փայլուն տասնամյակի ֆոնին ավելի ու ավելի ցցուն է դառնում գավառական ջեբկիրների կողմից զավթված հայկական շնչահեղձ կինոյի ֆիասկոն, որտեղ ինչ-որ քնձռոտներ կարող են ֆիլմերի ֆինանսավորման հանձնաժողովներում ներառվել ու ֆինանսավորել ֆիլմեր, որոնք էկրան չեն հասնում կամ, էկրանին հայտնվելով, սրտխառնոց են առաջացնում հանդիսատեսի մոտ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության թեթև ձեռքով հայկական կինոն վերջին վեց տարում վերածվել է փքված թարախաբշտիկի, որին ոչ ոք մոտ չի գալիս, մտածելով, որ ուր-որ է պայթելու է։

Հովհաննես Գալստյան

Լուսանկարում՝ կադր «սև կեռնեխ սև կեռնեխ մոշ») ֆիլմից

Դիտվել է՝ 3939

Մեկնաբանություններ